Եվրասիա

Եվրասիա, Երկրագնդի ամենամեծ աշխարհամասն է, որի մակերեսը 53,893 միլիոն կմ² է, որը կազմում է ընդհանուր ցամաքի 36 %-ը։ Բնակչությունը՝ 4,947 (2010) միլիարդից ավելի է, որը կազմում է ընդհանուր բնակչության ¾ մասը։

Եվրասիա մայրցամաքն անվանակոչել են տարբեր կերպ։ Սկզբնական շրջանում Ալեքսանդր Հումբոլդտն այն անվանել է Ասիա՝ նկատի ունենալով ողջ մայրցամաքը։ Կառլ Գուստավ Ռոյշեն 1858 թվականին «Handbuch der Geographie» գրքում օգտագործել է «Doppelerdtheil Asien-Europa» տերմինը։ «Եվրասիա» տերմինն առաջին անգամ օգտագործել է աշխարհաբան Էդուարդ Զյուսը 1880ականներին։

Մայրցամաքը գտնվում է Հյուսիսային կիսագնդում, միայն ծայր հարավարևելյան կղզիների մի հատվածն է գտնվում Հարավային կիսագնդում։ Եվրասիայի առավել զանգվածային մասը գտնվում է Արևելյան կիսագնդում, իսկ եզրային արևմտյան և արևելյան մասերը գտնվում են Արևմտյան կիսագնդում։ Մայրցամաքը արևմուտքից արևելք ձգվում է 16 հազ. կմ, հյուսիսից հարավ՝ 8 հազ. կմ։

Եվրասիան բաժանվում է 2 աշխարհամասերի՝ Եվրոպայի և Ասիայի։ Ասիային բաժին է ընկնում մայրցամաքի ընդհանուր տարածքի 80 %-ը /44,3 մլն քառ. կմ, իսկ Եվրոպային՝ 20 %-ը /10.5 մլն. քառ. կմ։ Ասիան Եվրոպայից պայմանականորեն բաժանող սահմանն անցնում է Ուրալյան լեռների արևելյան ստորոտներով, Ուրալ կամ Էմբա գետով, Կասպից ծովի հյուսիսային ափով, Կումա-Մանիչի իջվածքով, Ազովի ծովով, Կերչի նեղուցով, Սև ծովով, Բոսֆորի նեղուցով, Մարմարա ծովով, Դարդանելի նեղուցով, Եգեյան ծովով։ Եվրասիան միակ մայրցամաքն է, որի ափերը ողողում են երկրագնդի բոլոր չորս օվկիանոսների ջրերը. հարավում՝ Հնդկական, հյուսիսում՝ Հյուսիսային Սառուցյալ, արևմուտքում՝ Ատլանտյան և արևելքում՝ Խաղաղ։

Եվրասիայի կղզիների մակերեսը մոտ 2.75 մլն կմ է։

Եվրասիա մայրցամաքը Հյուսիսային Ամերիկայից բաժանվում է Բերինգի նեղուցով, իսկ արևմուտքից՝ Ատլանտյան օվկիանոսով։ Աֆրիկայից՝ Ջիբրալթարի նեղուցով, Միջերկրական ծովով, Սուեզի ջրանցքով, Կարմիր ծովով, Բաբ-էլ-Մանդեբի նեղուցով և Ադենի ծոցով, Ավստրալիայից՝ Արաֆուրյան և Թիմորի ծովերով։

Եվրասիայի ծայրակետերն են. հյուսիսում՝ Չելյուսկին (Թիմորի կղզում, հս. լ. 77°43’), հարավում՝ Պիայ (Մալակա թերակղզում, հս. լ. 1°16’), արևմուտքում՝ Ռոկա (Պիրենեյան թերակղզում, արմ. երկ. 9°34’), արևելքում՝ Դեժնյովի (Չուկոտյան թերակղզում, արմ. երկ. 169°40’) հրվանդանները։

Ի տարբերություն մյուս մայրցամաքների՝ Եվրասիայի մակերևույթը ավելի բազմազան է։ Այստեղ կան և ընդարձակ հարթավայրեր և երկար ձգվող բարձրաբերձ լեռներ և վիթխարի բարձրավանդակներ ու սարահարթեր։ Ընդ որում, հարթավայրերը գերակշռում են մայրցամաքի հյուսիսային մասում, իսկ լեռներն ու բարձրավանդակները՝ հարավային ու արևելյան շրջաններում։

Ջոմոլունգմա (Էվերեստ) լեռը

Եվրասիայի մակերևույթի առանձնահատկություններից է նաև այն, որ այստեղ են գտնվում երկրագնդի ինչպես ամենաբարձր (Ջոմոլունգմա կամ Էվերեստ՝ 8848 մ), այնպես էլ ամենացածր (Մեռյալ ծովի ափը՝ -400 մ) կետերը։ Մյուս առանձնահատկությունն այն է, որ Եվրասիան մյուս մայրցամաքներից զգալիորեն բարձր է։ Հատկապես աչքի է ընկնում Ասիան (միջին բարձրությունը մոտ 900 մ է)։

Ներկայիս Եվրասիա մայրցամաքը ձևավորվել է հնագույն ցամաքների, պլատֆորմների շուրջը։ Եվրասիայի հյուսիսային մասը կազմում է հնագույն Լավրասիա մայրցամաքի մի կտորը։ Նրա ձևավորման գործում կարևոր դեր են խաղացել Արևելաեվրոպական (Ռուսական), Սիբիրական, Չինական, Հնդկական և Արաբական պլատֆորմները։ Վերջին երկուսը հնագույն Գոնդվանա մայրցամաքի մասերն են։ Լավրասիայի և Գոնդվանայի միջև տարածվում էր ընդարձակ Ալպ-Հիմալայան, իսկ Եվրասիայի արևելյան ափերով՝ Խաղաղօվկիանոսյան գեոսինկլինալը։ Այս գեոսինկլինալներում լեռնակազմական պրոցեսների հետևանքով առաջացան լեռներ, լեռնային համակարգեր։ Այսիպիսով՝ Եվրասիա մայրցամաքը կազմավորվել է մի քանի պլատֆորմների և ծալքավորված գեոսինկլինալների միացման հետևանքով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով